Մրցութային թեստավորման փուլի արդյունքները կորոշեն ապագա էկոպարեկային ծառայողներին
Ճանապարհ դեպի ծառայություն. մրցութային թեստավորման փուլի արդյունքները կորոշեն ապագա էկոպարեկային ծառայողներին
ՇՄՆ Էկոպարեկային ծառայությունը շարունակում է իր կադրային համալրման բազմափուլ և պահանջկոտ գործընթացը՝ նպատակ ունենալով Ծառայության շարքերը համալրել բացառապես բարձր որակավորում ունեցող, պատասխանատու և պարտաճանաչ մասնագետներով։ Մենք համոզված ենք, որ բնապահպանական անվտանգության առաջնագծում կարող են աշխատել միայն նրանք, ովքեր ունեն և՛ գիտելիք, և՛ պատրաստվածություն, և՛ բարձր պատասխանատվության զգացում։
Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության թափուր հաստիքների համալրման գործընթացում դրսևորվել է մեծ հետաքրքրություն, ինչի մասին է վկայում դեկտեմբերի 3-ին Իջևանի և դեկտեմբերի 4-ին Սևքարի տեղամասերի գլխավոր էկոպարեկի պաշտոնի համար անցկացված գրավոր թեստավորմանը մասնակցած համապատասխանաբար 8 և 22 թեկնածուների առկայությունը։
Թեստավորումն անցկացվում է միանգամայն նույն սկզբունքով՝ խիստ, օբյեկտիվ և համակարգված ձևաչափով։ Մասնակիցներից պահանջվում է ոչ միայն գերազանց հասկանալ բնապահպանական օրենսդրությունը, այլ նաև կարողանալ այն գործադրել իրական գործառույթներում՝ պահպանելով շրջակա միջավայրի շահը ցանկացած իրավիճակում։
Մեր կադրային քաղաքականության հիմքում դրված է մեկ անբեկանելի սկզբունք. Ծառայության բարձր չափանիշներին կարող են համապատասխանել միայն նրանք, ովքեր լիարժեքորեն օժտված են անհրաժեշտ գիտելիքներով, գործող պատասխանատվությամբ և բարձր աշխատանքային էթիկայով։
Ինչպես ֆիզիկական պատրաստվածության փուլում, այնպես էլ թեստավորման ու հարցազրույցների ընթացքում, Էկոպարեկային ծառայությունն ապահովում է թափանցիկ ընթացակարգեր, օբյեկտիվ գնահատում և հավասար հնարավորություններ բոլոր մասնակիցների համար։