Ներկայացվել են բնության պահպանությանն ուղղված աշխատանքներն ու Էկոպարեկային ծառայության տեխնիկական հնարավորությունները

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Սևանա լճի ավազանում տեղի է ունեցել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) քարտուղարության, միջազգային գործընկերների և պատվիրակների ճանաչողական այց, որի ընթացքում ներկայացվել են բնության պահպանությանն ուղղված աշխատանքներն ու ՇՄՆ Էկոպարեկային ծառայության տեխնիկական հնարավորությունները։

Միջոցառմանը մասնակցել են Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF)գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Դիեգո Մեսա Պույոն, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Էկոպարեկային ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանը, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի, WWF Հայաստանի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), Ասիական զարգացման բանկի (ADB) ներկայացուցիչներ, ինչպես նաև COP17-ի պատվիրակներ և միջազգային այլ հյուրեր։

Այցի ընթացքում Էկոպարեկային ծառայությանը տրամադրվել է 6 անօդաչու թռչող սարք (դրոն) և 4 պլանշետ։ Նոր տեխնիկական միջոցները կնպաստեն տարածքների առավել արդյունավետ մշտադիտարկմանը, հնարավոր իրավախախտումների արագ հայտնաբերմանը և արձանագրմանը, ինչպես նաև տեղանքում օպերատիվ արձագանքման կարողությունների բարձրացմանը։

Ողջունելով ներկաներին՝ Էկոպարեկային ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանն իր ելույթում ընդգծել է պետական բարձր մակարդակով ցուցաբերվող աջակցությունն ու ինստիտուցիոնալ բարեփոխումների կարևորությունը։ Նա առանձնահատուկ շեշտել է ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության և Շրջակա միջավայրի նախարարության հետևողական աջակցության դերը Ծառայության լիարժեք կայացման, զարգացման և բնապահպանական գործառույթների արդյունավետ իրականացման գործում։

Ճանաչողական այցի ավարտին «Նորաշեն» արգելավայրում տեղի է ունեցել Էկոպարեկային ծառայության տեխնիկական միջոցների և դրոնային մոնիթորինգի գործնական ցուցադրությունը, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները բնության պահպանության գործում։

26.10.2026

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 29.10.2026