Նոր գիտելիքներ և հմտություններ էկոպարեկային ծառայողների համար

Կովկասի բնության հիմնադրամի աջակցությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեղամասի էկոպարեկային ծառայողները մասնակցեցին նպատակային վերապատրաստման դասընթացի, որի առանցքում առաջին բուժօգնության գիտելիքների և գործնական հմտությունների յուրացումն էր։ Յոթօրյա ծրագրի ընթացքում ծառայողները ստացան կարևոր տեսական գիտելիքներ և գործնական փորձառություն՝ կապված արագ արձագանքման, տուժածների տեղափոխման ու դժվար տեղանքում անվտանգ գործողությունների հետ։
Դասընթացի նպատակն էր ապահովել, որ յուրաքանչյուր մասնակից պատրաստ լինի ամենաբարդ և անսպասելի իրավիճակներին՝ համադրելով թե՛ տեսական գիտելիքները, թե՛ գործնական հմտությունները։ Սա կարևոր ներդրում է ոչ միայն ծառայողների անձնական անվտանգության, այլև այցելուներին ու տուժածներին ժամանակին և արդյունավետ օգնություն ցուցաբերելու գործում։ Դասընթացի վերջին օրն անցկացվեց ամփոփիչ ձևաչափով․ մասնակիցներին տրվեցին ընդհանուր և անհատական հարցադրումներ, ստուգիչ ու հմտության վարժանքներ՝ ամրապնդելու ամբողջ շաբաթվա ընթացքում յուրացված նյութը։ Օրվա ավարտին նրանց հանձնվեցին հավաստագրեր, որոնք վկայում են ձեռք բերված գիտելիքների և նոր հմտությունների մասին։
ՇՄՆ էկոպարեկային ծառայությունը բարձր է գնահատում Կովկասի բնության հիմնադրամի աջակցությունն ու գործընկերային համագործակցությունը, որը հավելյալ հնարավորություն է ստեղծում առավել ամրապնդելու ծառայողների մասնագիտական կարողությունները և հարստացնելու արդեն իսկ զարգացող ու կայուն ծառայության ներուժը։