Նոր քայլ՝ Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ուղղությամբ
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում այսօր իրականացվել է մանրաձկան բացթողնման արարողություն՝ նպատակ ունենալով խթանել Սևանա լճի իշխանի պաշարների վերականգնումը և ջրային էկոհամակարգի պահպանությունը։
Միջոցառմանը մասնակցել են ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանը, շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ինչպես նաև բնապահպանական կառույցների ներկայացուցիչներ, դպրոցականներ և համայնքի բնակիչներ։
Աշխատանքային օրը մեկնարկել է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամում իրականացված այցելությամբ, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են մանրաձկների բուծման գործընթացի առանձնահատկություններին։ Ներկայացվել են իշխանի ամառային և գեղարքունի տեսակների տարբերությունները, կողակի բուծման մեթոդի առանձնահատկությունները, ինչպես նաև ջրի հոսքի շրջանառվող համակարգի և կլոր ձևով կառուցված լողավազանների կիրառման արդյունավետությունը։
Բացթողնման նախապատրաստական փուլում կատարվել է մանրաձկների քաշի որոշում և տեղափոխման գործընթացի կազմակերպում։
Արարողության ավարտին մանրաձկները բաց թողնվել են Սևանա լիճ` համալրելով վերջինիս կենսապաշարները և խորհրդանշելով բնության վերականգնման շարունակական գործընթացը։