Քննարկվել են անտառային հրդեհների կանխարգելմանը և արձագանքմանը վերաբերող հարցեր

2025 թվականի օգոստոսի 14-ին Արարատի մարզում անցկացվեց հերթական իրազեկման և ուսուցման հանդիպումը՝ նվիրված անտառային հրդեհների կանխարգելմանն ու դրանց հետևանքների նվազեցմանը։

Հանդիպման ընթացքում շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկի և վերլուծության վարչության պետ Էդուարդ Կարապետյանը ներկայացրեց ծառայության լիազորությունները, մասնավորապես՝ հրդեհների կանխարգելման, ինչպես նաև հրդեհների և արտակարգ այլ պատահարների ժամանակ անհետաձգելի միջոցառումների իրականացումը։ Նա մանրամասն անդրադարձավ էկոպարեկային ծառայության կողմից մշակված հրդեհների կանխարգելման և արագ արձագանքման պլաններին, որոնք համաձայնեցվում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հետ, ապա տրամադրվում են տարածքային ստորաբաժանումներին՝ գործնական կիրառման համար։ Կարապետյանը ներկայացրեց նաև օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները և դրանց կիրառման մեխանիզմները՝ կարևորելով համայնքների դերակատարությունը հրդեհների դեմ պայքարում, ինչպես նաև հանդես եկավ մի շարք կառուցողական առաջարկներով՝ համագործակցության և կամավորական շարժման ամրապնդման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին անտառային հրդեհների տարբեր տեսակները, դրանց հանգուցալուծման առանձնահատկությունները և կիրառվող հրդեհաշիջման մեթոդները։ Քննարկվեցին նաև հրդեհների հետևանքով շրջակա միջավայրին հասցվող վնասները, դրանց չափման և գնահատման եղանակները։ Հատուկ ուշադրություն դարձվեց համայնքներում կամավորական հրշեջ ջոկատների ձևավորման գործընթացին՝ ներկայացվեցին արդեն ձեռնարկված քայլերը, ինչպես նաև ապագա նախաձեռնությունները, որոնք ուղղված են հրդեհների կանխարգելմանը և համայնքային դիմադրողականության բարձրացմանը։ Նշենք, որ նմանօրինակ հանդիպումներ արդեն անցկացվել են օգոստոսի 5-ին Արագածոտնի և օգոստոսի 12-ին Կոտայքի մարզերում։

Հիշեցնենք, որ միջոցառումները կազմակերպվել են՝ համաձայն ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 7-ի թիվ 817-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի որոշման, որի նպատակն է մարզերում անցկացնել դասընթացներ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ՝ անտառածածկ և բուսածածկ տարածքներում հրդեհների դեմ պայքարի և կամավորական շարժման զարգացման թեմաներով։

Էկոպարեկային ծառայության ակտիվ ներգրավվածությունը նման միջոցառումներում կարևոր դեր է խաղում հրդեհների կանխարգելման միասնական մոտեցման ձևավորման գործում։ Մասնագիտական փորձի և գործնական լուծումների փոխանցումը ոչ միայն բարձրացնում է համայնքների պատրաստվածության մակարդակը, այլև ապահովում է բնական տարածքների պահպանությունը և բնակչության անվտանգությունը։ Այս ձևաչափը վկայում է, որ համատեղ գործողությունները կարող են զգալիորեն նվազեցնել հրդեհների ռիսկերը և դրանց հետևանքները։

14.08.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 15.08.2025