Քննարկվել են Էկոպարեկային ծառայության համալրման հետ կապված հարցեր
ՇՄՆ էկոպարեկային ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանն աշխատանքային խորհրդակցություն-քննարկում է անցկացնել՝ Ծառայության ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ։
Քննարկվել են Ծառայության համալրման հետ կապված հարցեր։
Ծառայության անձնակազմի կառավարման բաժնի ղեկավարը Ծառայության պետին է ներկայացրել Տավուշի մարզային վարչության համալրման ընթացիկ վիճակի հետ կապված մանրամասներ։
Ակնհայտ է՝ քաղաքացիները ոգևորված են էկոպարեկ դառնալու գաղափարով, դիմորդները բավականին շատ են, մեծ է ձգտումը, պատրաստակամությունը՝ համալրել էկոպարեկային ծառայության շարքերը։
Քննարկվել են նաև մյուս մարզային վարչությունների համալրման մեկնարկի հետ կապված ժամկետներ, հստակեցվել են ծառայության մարզային վարչությունների շենքերի, դրանց վերանորոգման ընթացիկ աշխատանքների, գույքային համալրման հետ կապված հարցեր։
Ծառայության ղեկավարի կողմից հանձնարարվել է սեղմ ժամկետներում լուծել աշխատանքային գործունեության ընթացքում առաջացած խնդիրները, ամեն ինչ անել համալրման աշխատանքների հարթ և անխոչընդոտ ընթացքի համար։
Հիշեցնենք, որ պաշտոնապես գործարկվել է միայն ՇՄՆ էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչությունը և 24/7 ռեժիմով պահպանություն իրականացվում է միայն այդ մարզային վարչությունում, այժմ ընթացքի մեջ են Տավուշի մարզային վարչության համալրման աշխատանքները, հաջորդիվ իրականացվելու են նաև Ծառայության մյուս մարզային վարչությունների համալրման և պաշտոնական գործարկման աշխատանքները։