Սիգի որսի խստիվ արգելքի շրջանակում իրականացվելիք գործողությունների հետ կապված քննարկում

Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորությամբ այսօր Ծառայությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի առանցքում ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 865-Ն որոշման համաձայն 2025 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում սիգի արդյունագործական որսի խստիվ արգելքի շրջանակում Ծառայության կողմից իրականացվելիք գործողությունների նախանշման, խնդիրների գույքագրման հետ կապված հարցերի քննարկումն էր։

Վլադիմիր Կիրակոսյանը նշեց, որ Սևանի ձկնային պաշարների պահպանությունը մեր հիմնարար նպատակներից և ռազմավարական առաջնահերթություններից է և որսի խստիվ արգելքի որոշումն ուղղված է սիգի բնական վերարտադրությանն աջակցելուն՝ ապահովելով լճի ձկնային պաշարների կայուն և արդյունավետ վերականգնումը։ Հաջորդիվ Վլադիմիր Կիրակոսյանը Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց հորդորեց առավել պատասխանատու և հետևողական վարքագիծ դրսևորել և ողջ անձնակազմով պատրաստ լինել անել առավելագույնը որսի արգելքի ողջ ժամանակահատվածում ձկնային պաշարների պահպանությունը պատշաճ իրականացնելու համար։

Ծառայության պետը նաև ընդգծեց, որ 2025 թվականի նոյեմբերի 21-ից արդեն իսկ պետք է բացառել որևէ ձկնորսական լողամիջոցի, ձկնորսական ցանցի առկայությունը Սևանա լճում։

«Խստագույնս պետք է պահպանվեն որսի կանոնները, սակայն դա նաև ենթադրում է մեր կողմից ազգաբնակչության հետ շարունակական բացատրական աշխատանքների իրականացում, որպեսզի նրանք էլ գիտակցեն՝ ինչ կարևոր է Սևանի ձկնային պաշարների պահպանությունը և որսի կանոններին հետևելը»,- ասաց Կիրակոսյանը։

Մարզային վարչության պաշտոնյաներն էլ իրենց հերթին նշեցին, որ մինչև որսի արգելքի սահմանումն էլ իրենք շարունակական բացատրական աշխատանքներ են իրականացրել ազգաբնակչության շրջանում, իրազեկել են՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի խստիվ արգելքի և որսի կանոների խախտման դեպքում նախատեսվող պատժամիջոցների մասին։

Մարզային վարչության պաշտոնյաները, նախորդ տարիների փորձը հաշվի առնելով, Ծառայության ղեկավարին զեկուցեցին, թե որոնք են առավել խնդրահարույց տարածքները, որոնք են գույքագրված խնդիրները, որոնք հաղթահարելու ուղղությամբ պետք է առավել հետևողական աշխատանքներ տարվեն։

Եզրափակելով խոսքը՝ Ծառայության ղեկավարն ընդգծեց, որ ամենօրյա իրավիճակային վերլուծություն պետք է արվի և իրեն զեկուցվի առկա իրավիճակը, որպեսզի, այդ իրավիճակը գնահատելով, իրականացվեն համապատասխան գործողություններ՝ որևէ թերացում բացառելու նպատակով։

Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված խիստ վարչական ու քրեական պատասխանատվություն:

Նոյեմբերի 20-ից հետո Սևանա լճում հայտնաբերված նավակների և որսի միջոցների համար կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կոչ ենք անում ժամանակին ապահովել դրանց դուրսբերում:

19.11.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 27.11.2025