Ստորագրվել է համագործակցության հուշագիր

Նոր համագործակցության սկիզբ Էկոպարեկային ծառայությունն ու Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը հաստատեցին գործընկերությունը:

2025 թվականի սեպտեմբերի 26-ը ՇՄՆ Էկոպարեկային ծառայության աշխատանքային օրացույցում նշանավորվեց կարևոր համագործակցության մեկնարկով այսօր ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության, ի դեմս Ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանի և ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի, ի դեմս տնօրեն Գևորգ Սիմոնյանի միջև։

Հուշագրով նախատեսվում է իրականացնել կրթական և վերապատրաստման ծրագրեր, որոնք միտված են էկոպարեկային ծառայողների մասնագիտական կարողությունների բարձրացմանը։ Դրանց շրջանակում ծառայողները հնարավորություն կունենան ստանալ հատուկ պատրաստվածություն՝ ներառյալ ֆիզիկական պատրաստվածության, հատուկ միջոցների և հրազենի կիրառման իրավաչափ գործնական հմտությունների ձեռքբերում։

Էկոպարեկային ծառայությունը, որպես նորաստեղծ և պետական նշանակալի լիազորություններով օժտված կառույց, իրականացնում է պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում իրավակարգի ապահովման, շրջակա միջավայրի պահպանության ու իրավախախտումների կանխարգելման կարևոր գործառույթներ։

Այս համատեքստում կրթական ու վերապատրաստման ծրագրերը կոչված են ոչ միայն զարգացնելու ծառայողների մասնագիտական կարողություններն, այլև նպաստելու նրանց լիազորությունների առավել արդյունավետ իրականացմանը։

Ստորագրումից հետո Ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը բարձր գնահատեց գործընկերոջ պրոֆեսիոնալ աշխատելաոճը՝ ընդգծելով «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի» հուսալի գործընկերոջ կարգավիճակը։ Կողմերն առանձնացան փոխադարձ բարձր գնահատականներով և վստահությամբ, ինչը կարևոր հիմք է նոր նախաձեռնությունների արդյունավետ իրագործման համար։

Հուշագիրը հնարավորություն կընձեռի նոր համատեղ ծրագրերի մշակման և իրագործման համար՝ հզորացնելով պետական կառույցների փոխգործակցությունը պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում պետական հսկողության իրականացման, այդ թվում՝ օրենսդրությամբ սահմանված իրավասության շրջանակներում իրավախախտումների հայտնաբերման, կանխման և կանխարգելման, ինչպես նաև պահպանության կանոնների ու հրդեհային անվտանգության նկատմամբ հսկողության, էկոհամակարգերի բնականոն զարգացման ապահովման ուղղություններով։

26.09.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 29.09.2025