«Տավուշի անտառների պահպանության փորձնական նախագիծ»․ կայացել է ընդլայնված կազմով աշխատաժողով
«Տավուշի անտառների պահպանության փորձնական նախագիծ. տեղական նախաձեռնություն համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու համար՝ Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում» ծրագրի շրջանակում օրերս Իջևանում կայացել է ընդլայնված կազմով աշխատաժողով:
Աշխատաժողովին մասնակցել են նաև էկոպարեկային ծառայողներ, ինչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ, ոլորտի փորձագետներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ։
Միջոցառումն իրականացվել է Տավուշի մարզպետարանի, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի, «Եվրոպական հետազոտությունների գործակալության» և Ֆրանսիայի Դրոմ դեպարտամենտի Վալանս քաղաքապետարանի համագործակցությամբ։
Աշխատաժողովի ընթացքում ֆրանսիական միջազգային «Kinome» կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Կամիլ Կարենտը մասնակիցների հետ քննարկել է Տավուշի մարզի տնտեսական, սոցիալական և բնապահպանական ոլորտների կայուն զարգացման ռազմավարական մարտահրավերները։ Համադրելով էկոզբոսաշրջությունը, համայնքային տնտեսական զարգացումը և անտառների պահպանությունը՝ մասնակիցները մշակել են գործնական մոտեցումներ, որոնք կնպաստեն առկա խնդիրների հաղթահարմանն ու կայուն զարգացմանը: