Տավուշի մարզում քննարկվել են անտառային հրդեհների կանխարգելման և արձագանքման հարցերը

2025 թվականի սեպտեմբերի 10-ին Տավուշի մարզպետարանում անցկացվել է հերթական իրազեկման և ուսուցման հանդիպումը, որի նպատակն էր բարձրացնել տեղական կառույցների ու համայնքների պատրաստվածությունն անտառային հրդեհների կանխարգելման և դրանց հետևանքների նվազեցման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ներկայացուցիչները ներկայացրեցին անտառային հրդեհների պատճառած վնասների վերաբերյալ մանրամասն սահիկաշար, խոսեցին հրդեհների տեսակների և դրանց հանգուցալուծման առանձնահատկությունների մասին։

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության ներկայացուցիչ Էդուարդ Կարապետյանը ներկայացրեց Ծառայության լիազորություններն ու գործառույթները՝ անտառային հրդեհների կանխարգելման, արձագանքման և հետևանքների գնահատման մասով։ Նա առանձնացրեց նաև օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցները, ներկայացրեց անտառներում հրդեհային անվտանգության հիմնական կանոնները և համայնքներին կոչ արեց ակտիվորեն իրազեկել բնակչությանը։

Հանդիպման կարևոր թեմաներից էր նաև համայնքներում կամավորական հրշեջ ջոկատների ձևավորումն ու դրանց կարևորությունը՝ որպես տեղում արագ արձագանք ապահովող ուժ։ Այս համատեքստում ներկայացվեցին արդեն ձեռնարկված քայլերն ու ապագա ծրագրերը։

Նշենք, որ նմանօրինակ միջոցառումները անցկացվում են ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակում և միտված են հրդեհների կանխարգելմանն ու համայնքային դիմադրողականության բարձրացմանը։

11.09.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 12.09.2025