Ճանապարհ դեպի COP17. Հայաստանի նոր պատասխանատվությունը

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (COP) համաժողովն ամենամեծ հարթակներից է, որտեղ երկրները քննարկում և սահմանում են գլոբալ մակարդակով կենսաբազմազանության պահպանության ռազմավարություններն ու գործողությունները։ COP17-ը կանցկացվի 2026 թվականին, իսկ Հայաստանը հանդես կգա որպես հյուրընկալող երկիր՝ կարևոր հնարավորություն ստանալով բարձրաձայնելու իր առաջնահերթությունները միջազգային հարթակներում։
Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացած «Ճանապարհ դեպի COP17» միջոցառման մեկնարկային հանդիպումը համախմբել էր պետական կառույցների, միջազգային գործընկերների և մասնագիտական համայնքի ներկայացուցիչներին։ Միջոցառումն իրականացվում էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի նախաձեռնությամբ՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) հետ համագործակցությամբ։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին թեմատիկ սահիկաշարեր, որոնցում շեշտադրվեցին համաշխարհային և ազգային բնապահպանական մարտահրավերները, խոսվեց ապագայի համատեղ տեսլականից։ Քննարկվեցին այն նախագծերը, որոնք Հայաստանը, որպես COP17-ի հյուրընկալող երկիր, պատրաստվում է ներկայացնել միջազգային հարթակում՝ ընդգծելով երկրի հանձնառությունը կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման հարցերում։
Նախարար Համբարձում Մաթևոսյանն իր ողջույնի խոսքում կարևորեց COP17-ի դերը Հայաստանի բնապահպանական քաղաքականության իրականացման գործում՝ ընդգծելով, որ միջոցառումը հնարավորություն է ոչ միայն ամրապնդելու միջազգային համագործակցությունն, այլև նոր մակարդակի բարձրացնելու ազգային ջանքերը։ Նախարարը շնորհակալություն հայտնեց Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարությանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին և գործընկեր կազմակերպություններին Հայաստանի պատրաստակամությունը կիսելու և աջակցելու համար: