Տեղի է ունեցել «Հողերի վերականգնում և էկոհամակարգային ծառայությունների բարելավում՝ Հայաստանում պտղատու և ընկուզավոր ծառատեսակների կենսաբազմազանության օգտագործման միջոցով» ծրագրի խորհրդատվական մարմնի 1-ին նիստը

Սույն թվականի հունիսի 26-ին տեղի է ունեցել «Հողերի վերականգնում և էկոհամակարգային ծառայությունների բարելավում՝ Հայաստանում պտղատու և ընկուզավոր ծառատեսակների կենսաբազմազանության օգտագործման միջոցով» ծրագրի խորհրդատվական մարմնի 1-ին նիստը։

Բացման խոսքով և ելույթով հանդես է եկել ՇՄՆ  էկոպարեկային ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը, ով ընդգծել է հետևյալ առանցքային գաղափարները

Ծրագրի ռազմավարական նշանակությունը՝ Հայաստանում շրջակա միջավայրի և էկոհամակարգային ծառայությունների բարելավման և կայուն բնապահպանական կառավարման համատեքստում,

Հայաստանի Հանրապետության նախաձեռնողական դերը COP17-ի համատեքստում և ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի շրջանակներում ստանձնած միջազգային պատասխանատվությունը հանդեպ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին (SDGs),

Երախտագիտության խոսքեր՝ ՄԱԿ Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) դերի, ծրագրի նախաձեռնման, տրամադրվելիք ֆինանսական և ինստիտուցիոնալ աջակցության կապակցությամբ,

Կենսաբազմազանության պահպանման կարևորությունը, հատկապես՝ պտղատու և ընկուզավոր ծառատեսակների տեղական տեսակների միջոցով։

 

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի ներկայացուցիչ Լեսյա Նիկոլաևան, ով բարձր է գնահատել Էկոպարեկային ծառայության դերն ու իրականացրած գործունեությունը՝ հատկապես բնապահպանական ոլորտում ունեցած կառուցակարգային մոտեցման տեսանկյունից։ Նա ընդգծել է COP17 համաժողովի նշանակությունն ու Հայաստանի՝ որպես հյուրընկալող երկրի ստանձնած կարևոր առաքելությունը՝ նշելով, որ այսուհետ անհրաժեշտ է գործել որպես մեկ միասնական բնապահպանական ընտանիք՝ ապահովելու բարձր արդյունավետություն և գործընկերային սերտ համագործակցություն։

 Լեսյա Նիկոլաևան վստահեցրել է, որ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի Հանրապետության նախաձեռնություններին՝ ուղղված կայուն և կենսունակ բնապահպանական քաղաքականության համատեղ զարգացմանը։ Նիկոլաևան հավելել է, որ «Հողերի վերականգնում և էկոհամակարգային ծառայությունների բարելավում՝ Հայաստանում պտղատու և ընկուզավոր ծառատեսակների կենսաբազմազանության օգտագործման միջոցով» ծրագրի իրականացման երեք տարվա ընթացքում անհրաժեշտ է կազմակերպել տարեկան առնվազն երկու հանդիպում՝ ապահովելու գործընթացի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։

Ծրագրի խորհրդատվական մարմնի կառուցվածքային դերի, անդամների ընդգրկման սկզբունքների և նրանց գործառույթների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լևոն Աղասյանը։ Նա ընդգծել է խորհրդատվական մարմնի նշանակությունը որպես ծրագրի ռազմավարական ուղեցույցների ձևավորման և իրականացման մոնիթորինգի կարևոր հարթակ, ինչպես նաև անդրադարձել է անդամների ներգրավման գործընթացին, պատասխանատվության շրջանակներին և բազմաշերտ համագործակցության հնարավորություններին՝ ապահովելու ծրագրի արդյունավետ և հաշվետու իրականացումը։

Բնության համաշխարհային հիմնադրամ (WWF) Հայաստան ծրագրի համակարգող Արմեն Դանիելյանը հանդես է  եկել ծրագրի առաջիկա երկու տարվա՝ 2025–2026թթ. աշխատանքային պլանի և բյուջեի ներկայացմամբ։ Նա ներկայացրել է ծրագրային գործողությունների հիմնական ուղղությունները, բաղադրիչները, կանխատեսվող արդյունքները, միջոցառումների փուլային կառուցվածքը, ինչպես նաև՝ համապատասխան ֆինանսական բաշխումները։

Հանդիպումն ամփոփվել է համագործակցության, մասնակցայնության և համակարգված աշխատանքի կարևորության վերստին ընդգծմամբ։ Ներկայացված տեսլականը, պլանները և գործընկերների հանձնառությունները ընդգծել են ծրագրի հաջողության համար անհրաժեշտ հիմքերը

27.06.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 27.06.2025