Տեղի է ունեցել Սյունիքի մարզային վարչության գլխավոր տեսուչների երդման հանդիսավոր արարողությունը

ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում հերթական հագեցած օրն է ունեցել։ Աշխատանքային օրը մեկնարկել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում, որտեղ տեղի է ունեցել տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությունը։
Նորանշանակ տեսուչները հանձն առան իրենց ծառայությունն իրականացնել բարեխղճորեն, օրենքի շրջանակներում և շրջակա միջավայրի պահպանության բարձր գիտակցությամբ։
Արարողությանը հաջորդել է նորանշանակ տեսուչների կողմից երդման փաստաթղթերի ստորագրումը, ապա` ձեռքսեղմումներն ու ղեկավար կազմի շնորհավորանքները։
Շնորհավորելով տեսուչներին էկոպարեկային ծառայությունում աշխատանքի անցելու կապակցությամբ, ծառայության ղեկավար Վլադիմիր Կիրակոսյանը շեշտել է կանանց իրավունքների և հանրային ծառայությունում նրանց լիարժեք ներգրավվածության առաջնահերթությունը՝ որպես քաղաքակիրթ աշխարհի պարտադիր չափանիշ։ Նա ընդգծել է, որ ժամանակակից պետության զարգացումը հնարավոր չէ առանց կանանց ակտիվ մասնակցության՝ ոչ միայն աջակցող, այլև՝ ղեկավարող դիրքերում։
Կիրակոսյանը կարևորել է այն հանգամանքը, որ ծառայությունը դեռ նոր է ձևավորվում, և հենց այսօր երդում տված ծառայողները պետք է դառնան առաջին խթանն ու ոգևորող ուժը մյուսների համար։ Նրանց պատասխանատու ու արժանապատիվ ծառայությունն է, որ կարող է ներշնչել մյուսներին ևս՝ սիրով և պատրաստակամությամբ ընտրել բնության պահպանության, կենսաբազմազանության կորստի դեմ պայքարի և շրջակա միջավայրի նկատմամբ հոգածություն ցուցաբերելու այս կարևոր առաքելությունը։