Տեղի ունեցավ Տավուշի մարզային վարչության պաշտոնական գործարկման հանդիսավոր արարողությունը

2026 թվականի մայիսի 2-ին, տեղի ունեցավ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության պաշտոնական գործարկման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրենսդիր և գործադիր մարմինների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Տավուշը երկրորդ մարզն է, որտեղ տրվում է էկոպարեկային ծառայության աշխատանքի մեկնարկ առաջինը տեղի է ունեցել Սյունիքի մարզում։

Վարչապետն ընդգծել է՝ այս գործընթացը լինելու է շարունակական և սա նոր փուլ է Հայաստանում՝ էկոմիջավայրի և բնապահպանական ընկալման տեսակետից:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դժվար ժամանակներում մեր անտառը մեզ պահել է, հիմա եկել է ժամանակը, որ մենք պահենք մեր անտառը, բայց այս անգամ՝ այլ իմաստով և տրամաբանությամբ։

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն իր ելույթում ընդգծել է՝ Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության ձևավորումը հստակ արտահայտում է կառավարության քաղաքական կամքը՝ վերափոխելու բնապահպանական հսկողության ողջ համակարգը և այն դարձնելու ժամանակակից, արդյունավետ և կանխարգելիչ։

Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանն իր ելույթում ընդգծել է՝ Տավուշի մարզային վարչության պաշտոնական գործարկումը

հանձնառության հաստատումն է՝ պահպանել Հայաստանի անտառներն ու բնության հատուկ պահպանվող տարածքները։ Սա ոչ միայն նոր ենթակառուցվածք է, այլև վերաբերմունքի փոփոխություն բնության և պետական ինստիտուտների նկատմամբ։

Կիրակոսյանի խոսքով՝ Տավուշը կենսաբազմազանությամբ հարուստ և բացառիկ գեղեցկությամբ մարզ է և այստեղ բնության պահապանների ներկայությունը կնպաստի կենսաբազմազանության առավել համակարգված և արդյունավետ պահպանությանը:

Նոր վարչությունը հնարավորություն կտա արագ արձագանքել բնապահպանական իրավախախտումներին, ապահովել օրենքի գերակայությունը և իրականացնել տեղում հսկողություն։

Այս կառույցը նաև կամուրջ կհանդիսանա պետության և հասարակության միջև՝ նպաստելով բնապահպանական գիտակցության մակարդակի բարձրացմանը:

Ծառայության պետը շեշտել է նաև՝ այս նախաձեռնության իրականացումը հնարավոր է դարձել կառավարության հետևողական աջակցության շնորհիվ, ապա շնորհակալություն է

հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին, կառավարության, օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին ոլորտի զարգացմանն ուղղված աջակցության համար, ինչպես կարևորել միջազգային գործընկերների ջանքերն՝ ուղղված Էկոպարեկային ծառայության կարողությունների զարգացմանը:

02.05.2026

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 11.05.2026