Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հրազդանում ներկա է գտնվել Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործունեության մեկնարկի արարողությանը։
Միջոցառմանը մասնակցել են նաև օրնեսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, գործադիր իշխանության մարզային ներկայացուցիչներ, այլ հյուրեր:
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և շնորհավորել ներկաներին Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկի առիթով։ Վարչապետը հիշեցրել է, որ Էկոպարեկային ծառայությունն արդեն գործում է չորս մարզերում, ինչը կարևոր իրադարձություն և փոփոխություն է։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն արտահայտում է երկրի ռազմավարությունը, որ պետք է ավելի ուշադիր և հոգատար լինել բնության և շրջակա միջավայրի նկատմամբ։ «Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք», -ասել է երկրի ղեկավարն՝ ընդգծելով, որ բնությունը պետք է լինի առանձնահատուկ հոգածության առարկա։
Վարչապետը հիշեցրել է, որ դժվար և ճգնաժամային ժամանակներում բնությունը, անտառները կենսական նշանակություն են ունեցել և սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում ծառայել են մեր պետությանը և մեր ժողովրդին․ «Հիմա ժամանակն է, որ մենք մեր պարտքը վերադարձնենք մեր բնությանը, մեր անտառներին։ Ուզում եմ նաև, այո՛, հարցը դիտարկել կենսաբազմազանության COP17 գագաթաժողովի և ընդհանրապես COP 17-ի նախագահող երկրի տրամաբանությամբ, որովհետև անտառները շրջակա միջավայրը և նրա նկատմամբ մեր վերաբերմունքն է ի վերջո ստեղծում կամ կրճատում այն պայմանները, որտեղ հենց տեղի է ունենում կենսաբազմազանությունը»։
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն իր ելույթում ընդգծել է՝ Էկոպարեկային ծառայության տարածքային ընդլայնումը բնապահպանական կառավարման համակարգի կարևորագույն բարեփոխումներից է։ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործարկմամբ մենք ևս մեկ կարևոր քայլ ենք կատարում Հայաստանի բնապահպանական անվտանգության համակարգի ամրապնդման ուղղությամբ։
Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում ծառայության գործունեությունը առանձնահատուկ նշանակություն ունի նաև Սևանա լճի պահպանության տեսանկյունից։ Վերջին տարիներին պետությունը հետևողական աշխատանք է իրականացնում Սևանի էկոհամակարգի վերականգնման ուղղությամբ՝ իրականացվել են ձկնապաշարների վերականգնման ծրագրեր, շարունակվում են ապօրինի կառույցների ապամոնտաժման աշխատանքները, իսկ լճի մակարդակի աճը վկայում է իրականացվող քաղաքականության արդյունավետության մասին։
Սակայն այս ձեռքբերումները պահպանելու և երկարաժամկետ արդյունքների վերածելու համար անհրաժեշտ է ուժեղ վերահսկողություն, կանխարգելիչ արդյունավետ աշխատանք և պետության մշտական ներկայություն տեղում։ Հենց այս առաքելությունն են իրականացնելու Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի էկոպարեկները՝ դառնալով Սևանի և հարակից էկոհամակարգերի պահպանության առաջնագծում գործող պետական ծառայողներ։
Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը ընդգծել է՝ այս նախաձեռնությամբ մենք էապես ընդլայնում և ամրապնդում ենք մեր գործնական ներգրավվածությունը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի անտառների ու բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության գործում։ Նորաստեղծ վարչության գործունեությունը միտված է ապահովելու առավել տեսանելի, օպերատիվ և պատասխանատու ներկայություն տեղերում։
Բնության պահպանությունը պետք է իրականացվի ամենօրյա ռեժիմով՝ յուրաքանչյուր հատվածում և յուրաքանչյուր ռիսկային գոտում։ Կոտայքի և հատկապես Գեղարքունիքի մարզի պարագայում այս մոտեցումն ունի առանձնահատուկ նշանակություն։
Այստեղ է գտնվում Սևանա լիճը: Այն պարզապես ջրային ավազան չէ, այլ մեր ջրային անվտանգության հիմքն է և էկոհամակարգի առանցքային բաղադրիչը։
Հետևաբար, վարչության ծառայողների գործունեությունը չի սահմանափակվելու միայն հսկողական գործառույթներով։
Ծառայության պետն ընդգծել է, որ նորաստեղծ մարզային վարչությունն իր ծավալուն աշխատանքներն իրականացնելու է երկփուլ եղանակով։
Առաջին փուլում արդեն հաջողությամբ իրականացվել են ենթակառուցվածքների ձևավորման և տեխնիկական վերազինման աշխատանքները։
Երկրորդ փուլում Էկոպարեկային ծառայությունը նախատեսում է իրականացնել Սևանա լճում արդյունագործական որսի կազմակերպման նկատմամբ պահպանության և հսկողության համապարփակ գործառույթներ։
Այս նպատակով լճի վրա շուրջօրյա հսկողությունը կիրականացվի 10 մոտորանավակով՝ էկոպարեկներից ձևավորված կարգախմբերով, լճի ողջ երկայքով կտեղակայվի մուտքի և ելքի 25 հենակետ՝ համապատասխան կահավորմամբ և նորարարական լուծումներով։