Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տարեվերջյան ամփոփիչ գործակարգավարական խորհրդակցություն

ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տարեվերջյան ամփոփիչ գործակարգավարական խորհրդակցություն Ծառայության մարզային ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ։

Խորհրդակցության առանցքում անցնող տարվա ընթացքում մարզային վարչությունների կողմից իրականացված աշխատանքային գործունեության վերլուծությանը, ընթացիկ գործընթացների գնահատմանը, ինչպես նաև ապագա քայլերի ավելի արդյունավետ պլանավորմանը վերաբերող հարցեր էին։

Հանդիպման մեկնարկին Ծառայության ղեկավարն ընդգծել է՝ թեպետ անցնող տարին դժվար էր ու հագեցած, բայց այս ամենի համատեքստում է հենց նախանշվել ավելի պատասխանատու լինելու ուղին։ «2025 թվականի ընթացքում տեղի ունեցած աշխատանքային բացթողումները, թերացումները 2026 թվականին պարզապես չեն կարող լինել։ Պետք է բացառել ցանկացած ապօրինության դրսևորում»,- ասել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ եկող տարին բոլորովին այլ մոտեցում պետք է ենթադրի և ուժերի գերլարումով աշխատանք՝ անտառների և բնության հատուկ պահպանվող տարածների պահպանությունը պատշաճ իրականացնելու համար։

«Մենք պետք է հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Հայաստանում է անցկացվելու Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Համաշխարհային ուշադրությունը սևեռված է մեր երկրի վրա և դա ևս մեկ կարևորագույն ազդակ է առավել քան երբևէ զգոն լինելու»,- շեշտել է Ծառայության պետը։ Նա նաև ընդգծել է՝ առանցքային է այն հարցը, որ որևէ իրավախախտում չպետք է վրիպի էկոպարեկային ծառայողների տեսադաշտից, իսկ թերացումները պետք է բացառվեն: Կիրակոսյանի խոսքով՝ թեպետ կարևոր է նաև իրավախախտումների բացահայտումը, բայց էկոպարեկային ծառայողի գործունեությունն առավել պետք է կենտրոնանա կանխարգելման ուղղության վրա:

«Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ ամենօրյա ռեժիմով սեփական գիտելիքները և կարողությունները զարգացնելու, ոլորտին առնչվող օրենքների գերազանց տիրապետման անհրաժեշտություն ունենք: Մենք պետք է բնությանը մոտենանք հոգատարությամբ, սիրով և հասկանանք, որ մեր առաքելությունն ապագա սերունդներին առողջ բնություն և հարուստ կենսաբազմազանություն փոխանցելն է»,- ասել է Ծառայության պետը։

Հանդիպման ավարտին Վլադիմիր Կիրակոսյանը ծառայակիցներին հորդորել է շարունակաբար վեր հանել առկա խնդիրները, հետևողականորեն ձգտել դրանց լուծմանը, հանդես գալ նախաձեռնողականությամբ, տրամաբանված քայլերով և նպատակաուղղված առաջարկներով։

28.12.2025

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 09.01.2026