Վլադիմիր Կիրակոսյանը և Լուսինե Ալեքսանյանը մասնակցել են Անտառների և անտառային արդյունաբերության հանձնաժողովի 82-րդ նիստի աշխատանքներին

ՀՀ ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և ծառայության գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը Շվեյցարական Համադաշնության Ժնև քաղաքում մասնակցել են Միավորված Ազգերի Կազմակերպության Տնտեսական և սոցիալական խորհրդի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Անտառների և անտառային արդյունաբերության հանձնաժողովի 82-րդ նիստի աշխատանքներին, որոնք մեկնարկել են սույն թվականի նոյեմբերի 13-ին։
Նիստի ընթացքում քննարկվել են անտառային տնտեսության և շուկայի վերաբերյալ հարցեր, մասնավորապես այն արտադրատեսակների առևտրային հարցերի վերաբերյալ, որոնց արտադրությունը չի ենթադրում անտառհատումներ։
Ներկայացվել է նաև անտառային ապրանքների/արտադրանքի շուկայի վիճակի մասին հայտարարության նախագիծ։
Աշխատանքային խմբի հանդիպման երկրորդ օրվա օրակարգն առավել հագեցած էր։
Օրակարգով նախատեսված ձևաչափում հանձնաժողովի աշխատանքային ծրագիրը ներառում էր հետևյալ թիրախային կետերը․
- 2025 թվականի աշխատանքային ծրագիրը և 2026 թվականի աշխատանքային ծրագրի հիմնական բաղադրիչների վերաբերյալ առաջարկություններ,
- բորեալ անտառների (հյուսիսային կիսագնդի անտառներ) հետ կապված հարցեր,
- քաղաքային անտառային տնտեսությունների հետ կապված հարցեր,
- անտառային տեղեկատվական համակարգեր,
- տեղեկատվական տվյալների ավտոմատացման թարմացումներ,
- կլիմայի փոփոխությունը և անտառները Եվրոպական տնտեսական հանձնաժողովում ներառված երկրների տարածքում,
- հաղորդակցման գործունեությունը 2024 և 2025 թվականներին:
Առավել հեռանկարային և ռազմավարական նշանակության խնդիրներին հարող համապարփակ/համալիր աշխատանքային ծրագրի շրջանակներում անդրադարձ է կատարվել հետևյալ քայլերի արդյունավետ կազմակերպմանն ու իրացմանը․
2026-2029 թվականների աշխատանքի միասնական ծրագրի ուսումնասիրություններ/վերանայում,
Եվրոպաական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) համատեղ աշխատանքային խմբի զեկույցը՝ անտառների վիճակագրության, տնտեսագիտության և կառավարման վերաբերյալ, համաշխարհային անտառային ռեսուրսների գնահատման ցիկլի և անտառների ու դրանց կայուն կառավարման վերաբերյալ տվյալների համատեղ հավաքագրման թարմացում 2025 թվականին՝ համաեվրոպական մակարդակով, անտառներին հասցվող վնասնի և անտառների վրա բացասաբար ազդող գործոնների գնահատման հաշվետվության ընթացքը:
Քարտուղարությունը թարմացրել է ներառական զարգացման և գենդերային ռազմավարություններն ու ներառել դրանք երկրների շուկայական հայտարարություններում:
Պատվիրակությունները Հանձնաժողովին տեղեկացրել են երիտասարդության, գենդերի, մարդու իրավունքների և հաշմանդամության իրավունքների ներառման աշխատանքների և անտառային տնտեսության իրենց ռազմավարությունների մասին:
Հանձնաժողովը.
- ողջունել է անտառային տնտեսությունում երիտասարդության, գենդերային հավասարության, մարդու իրավունքների և հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը խթանող նախաձեռնությունները,
- ողջունել է անդամ պետությունների նախաձեռնությունները՝ 2025թ․ զեկուցումներին ընդառաջ։
Տեղեկացվել է նաև, որ Քարտուղարությունը պատվիրակներին կտեղեկացնի Խորհրդի համատեղ նիստի օրվա և տեղի մասին, որը հավանաբար տեղի կունենա 2025 թվականի նոյմեբերի 4-7-ը ներառյալ։