Վլադիմիր Կիրակոսյանը և Մուրադ Նուրիջանյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էին

ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանն աշխատանքային այցով եղել են Գեղարքունիքի մարզում։
Էկոպարեկային ծառայության ղեկավարը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպման մեկնարկին ներկայացրել է ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության նորանշանակ պետ Հովիկ Սաֆարյանին, ինչին հաջորդել է մարզային վարչության առաջիկա համալրման հետ կապված ծավալուն քննարկում։
Գեղարքունիքի մարզպետը, ողջունելով էկոպարեկային ծառայության ղեկավար կազմին, կարևորել և դրական է գնահատել անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծված էկոպարեկային ծառայության գործունեությունը և վստահեցրել է, որ ինչպես ինքն անձամբ, այնպես էլ իր ղեկավարած մարմինը պատրաստ են համագործակցել շրջակա միջավայրի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներում։
Վլադիմիր Կիրակոսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Կարեն Սարգսյանին ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար, ապա նշել է, որ չափազանց կարևորում է ծառայության և մարզպետարանների գործընկերային հարաբերությունները և վստահություն է հայտնել, որ համագործակության արդյունքում է միայն հնարավոր ոլորտում լավարկել եղածը և նոր ձեռքբերումներ գրանցել անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ոլորտում։
Կիրակոսյանը նաև ներկայացրել է ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության առաջիկա համալրման աշխատանքների հետ կապված մի շարք մանրամասներ, անդրադարձել է Գեղարքունիքի մարզի կենսաբազմազանության առանձնահատկությամբ պայմանավորված պահպանության աշխատանքների բովանդակային մասին։
Անդրադառնալով ձկների արդյունագործական որսի հսկողության մեխանիզմներին՝ Կիրակոսյանն ընդգծել է, որ այս համատեքստում չափազանց կարևոր է արդյունագործական որսի իրականացման ժամկետների, կարգի, թույլատրելի չափաքանակների մասին, ինչպես նաև, ծառայության նոր գործիքակազմի առկայությամբ և բարձր տեխնիկական հագեցվածությամբ պայմանավորված, պահպանության մեխանիզմների ոլորտում նախատեսվող որոշակի փոփոխությունների մասին պատշաճ իրազեկել բնակչությանը՝ ՏԻՄ-երի հետ համագործակցային հարաբերությունների շրջանակում։