Վլադիմիր Կիրակոսյանը և Մուրադ Նուրիջանյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էին

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը և Ծառայության պետի առաջին տեղակալ Մուրադ Նուրիջանյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էին։ Ծառայության ղեկավարի գլխավորությամբ տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում Տավուշի մարզային վարչության անձնակազմի հետ։ Վլադիմիր Կիրակոսյանը Տավուշի մարզային վարչության անձնակազմին է ներկայացրել վարչության նորանշանակ պետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Ասատրյանին, մարզային վարչության Իջևանի, Սևքարի, Բերդի, Նոյեմբերյանի տեղամասերի պետերի ժամանակավոր պաշտոնակատարներին։ Շնորհավորելով նրանց նշանակման կապակցությամբ՝ Ծառայության ղեկավարն ընդգծել է, որ յուրաքանչյուր անձ, ով համալրում է էկոպարեկային ծառայության շարքերը, պետք է գիտակցի, որ ստանձնել է չափազանց պատասխանատու աշխատանք և հպարտությամբ կրի բնության պահապանի բարձր կոչումը։ «Տավուշի մարզն առանձնանում է իր յուրահատուկ բնաշխարհով, կենսաբազմազանությամբ և անտառային հարուստ ռեսուրսներով և այստեղ պահանջվում է չափազանց հետևողական մոտեցում պահպանության գործընթացին»,- ասել է Կիրակոսյանը՝ հավելելով՝ էկոպարեկային ծառայողներն ունեն լիազորությունների լայն շրջանակ, պետք է հստակ լինեն կարմիր գծերը և կանխվեն բոլոր ապօրինությունները, իսկ ծառայողների աշխատանքային պարտականությունների կատարումը պետք է միտված լինի անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների լիարժեք և պատշաճ պահպանության ամրապնդմանը։ Ծառայության պետը նաև ընդգծել է հանրային իրազեկվածության և վստահության ամրապնդման կարևորությունը՝ նշելով, որ ծառայողները պետք է իրենց ամենօրյա գործունեությամբ և մասնագիտական կարողությունների շարունակական կատարելագործմամբ նպաստեն այն ընկալման ձևավորմանը, որ իրենք իրականացնում են հանրօգուտ առաքելություն՝ ուղղված բնության պահպանությանը, այլ ոչ թե հանդես են գալիս բացառապես որպես հսկող և պատժիչ մարմին։ Մարզային վարչության նորանշանակ պաշտոնյաներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Ծառայության ղեկավարին ցուցաբերած վստահության համար և պատրաստակամություն հայտնել իրենց լիազորությունների շրջանակում գործադրել առավելագույն ջանքեր՝ ապահովելու անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության գործընթացի պատշաճ, արդյունավետ և անխափան իրականացումը։

19.04.2026

Պատկերասրահ