Վլադիմիր Կիրակոսյանը մասնակցել է «Անտառային լանդշաֆտի վերականգնման նախաձեռնությունների ներկա վիճակը Հայաստանում» թեմայով կլոր սեղան քննարկմանը

Հայաստանի անտառային դաշինքի հրավերով ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը մասնակցել է «Անտառային լանդշաֆտի վերականգնման նախաձեռնությունների ներկա վիճակը Հայաստանում» թեմայով կլոր սեղան քննարկմանը։
Քննարկմանը ներկա էին վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը, տեղակալ Արամ Մեյմարյանը, ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը, ներկայացուցիչներ նախարարությունից, ուսումնական հաստատություններից, ոլորտի գիտական և հասարակական կազմակերպություններից, լրագրողներ։
Շուրջ 4 ժամ տևած ընդլայնված քննարկման արդյունքում նախարարը գործընկերների հետ առանձնացրել է ոլորտի խնդիրները, բավականին անկեղծ գնահատել դրանք, յուրաքանչյուրի մասով ներկայացրել ընթացիկ իրավիճակը, անդրադարձել իրականացվող միջոցառումներին։
Ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում անտառային լանդշաֆտի վերականգնման ոլորտում գործող բոլոր շահագրգիռ կողմերի ներկայիս ջանքերին, ինչպես նաև հաջորդ տարվա ծրագրերին և առկա կարողություններին՝ թե ֆինանսական, և թե՛ մարդուժի տեսանկյունից։
Առանձին անդրադարձ է կատարվել Շրջակա միջավայրի նախարարության կազմում ձևավորված Էկոպարեկային ծառայությանը։ Ներկաներին հուզող հարցերին, որոնք բազմաթիվ էին՝ սկսած ծառայության համալրման ընթացակարգերից ու ծառայողների մասնագիտական վերապատրաստումներից մինչև վերազինում և պետական այլ գերատեսչությունների հետ համագործակցության ձևաչափեր, տրվել են համապատասխան պարզաբանումներ:
Քննարկվել է Հայաստանի անտառներում սոճիների շրջանում տարածված խնդիրը և անտառների պահպանման ու վերականգնման համար նախատեսված միջոցառումները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարությունում առավել ընդգրկուն կազմով շարունակել այս թեմայի քննարկումները։
Նախարարը ներկաներին իրազեկել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնված անտառտնկման թվային հարթակի մասին։
Հանդիպման ընթացքում հնչել են շատ կարևոր զեկույցներ Շրջակա միջավայրի նախարարության և գործընկեր հասարակական կազմակերպությունների կողմից։