Վլադիմիր Կիրակոսյանը շնորհավորական ուղերձ է հղել

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձի առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասված է

«Սիրելի հայրենակիցներ,

Սեպտեմբերի 21-ը մեր անկախ պետականության հիմնասյուներից է, այն օրը, երբ ժողովուրդն իր կամքով ընտրեց ազատ ու ինքնիշխան ապագա։ Այս օրը ոչ միայն պատմական հիշողություն է, այլև մեր հասարակական-քաղաքական կյանքի ուղենիշ։

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձը։ Միանշանակ և աներկբա է, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին «Այո» ասող եթե ոչ բոլոր քաղաքացիները, ապա գոնե նրանց մեծամասնությունը, լավ հասկանում էր, որ դա պարզապես քվեաթերթիկի վրա գրչով արված նշում չէ, այլ սահմանագիծ, որից այս կողմ հպատակը դառնում է Քաղաքացի, Հայրենիքը դառնում է Պետություն, իսկ կարգախոսը` Պատասխանատվություն։

Մենք այսօր ապրում ենք այնպիսի իրականության մեջ, որտեղ անկախության պահպանման ու ամրապնդման հիմնական երաշխիքը ժողովրդավարությունն է, իրավունքի գերակայությունը և մեր քաղաքացիների գիտակցված ընտրությունը։

Այս արժեքներն են, որ մեր հասարակության առաջնային ձեռքբերումներն են և դառնալու են ապագա Հայաստանի կայուն ու անշրջելի զարգացման հիմքը։

Անկախության օրը նաև պատասխանատվության օր է պատասխանատվություն յուրաքանչյուրիս վրա՝ մեր երկրի առաջընթացի, հասարակական համերաշխության ու խաղաղ ապագայի համար։ Մեր պետական ուղեգիծն ու ազգային ընթացքը հենց այդ ճանապարհով է առաջնորդվում՝ որդեգրելով թափանցիկ կառավարում, արդարություն և քաղաքացիների իրավունքների պաշտպանություն։

Սիրելի հայրենակիցներ, վստահ եմ, որ միասին կարող ենք պաշտպանել մեր անկախությունը ոչ միայն արտաքին մարտահրավերներից, այլև ներքին թուլությունից՝ կառուցելով ուժեղ, ինքնավստահ և ժամանակակից Հայաստան։

Շնորհավոր անկախության տոնը։

Կեցցե անկախ Հայաստանի Հանրապետությունը»։

21.09.2025