Վլադիմիր Կիրակոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի կազմավորման տարեդարձի առթիվ
Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի կազմավորման տարեդարձի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է.
«Հարգելի՛ հայրենակիցներ, սպաներ և զինվորներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ:
Հունվարի 28-ը ոչ միայն մեր պետականության հզորացման և ինքնապաշտպանության խորհրդանիշն է, այլև հավաքական կամքի, դիմակայունության և ապագայի նկատմամբ ունեցած պատասխանատվության օրը:
Մեր երկրի համար այս կարևորագույն փուլում բանակի դերը հիմնարար է հաստատված խաղաղության և կայունության ապահովման գործում։ Մենք հավատում ենք, որ հզոր բանակը խաղաղության ամենավստահելի երաշխավորն է, իսկ այդ խաղաղությունն է այն միակ հողը, որի վրա կարող է ծաղկել ու զարգանալ մեր հայրենիքը։
Սերը մեր հայրենիքի նկատմամբ պետք է հիմնված լինի օրենքի, կարգապահության և պետական ինստիտուտների հզորացման վրա։ Ինչպես մեր զինվորն է անսասան կանգնած սահմանին, այնպես էլ յուրաքանչյուրս մեր աշխատանքով՝ պարտավոր ենք ամրացնել մեր պետության հիմքերը։ Իրական Հայաստանի հզորացումը պահանջում է բոլորիս ջանքերի մեկտեղում։
Կրկին շնորհավորելով այս կարևորագույն օրվա առթիվ՝ մաղթում եմ մեր զինծառայողներին անփորձանք ծառայություն, իսկ մեր ժողովրդին՝ ստեղծագործ աշխատանք և անսասան կամք՝ հզոր պետություն կառուցելու ճանապարհին։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։ Փա՛ռք Հայոց Բանակին»: