Աշխատանքային այց Լոռու մարզ
Աշխատանքային այց Լոռու մարզ
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանն այսօր աշխատանքային այցով եղել են Լոռու մարզում։
Մարզպետ Արամ Խաչատրյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ապօրինի անտառահատումների կանխարգելմանը, անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքներին, ազգաբնակչությանը թափուկի տրամադրմանը, ինչպես նաև ոլորտային մի շարք առաջնահերթություններին վերաբերող հարցեր։
Ողջունելով ներկաներին՝ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Անտառային կոմիտեին Լոռու մարզպետի աշխատակազմի հետ մշտապես սերտ և արդյունավետ համագործակցելու համար և ընդգծել, որ Լոռու մարզպետի աշխատակազմը խիստ կարևորում է անտառպահպանության հարցերը և ամեն կերպ աջակցում բնապահպանական խնդիրների մեղմմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին ու միջոցառումներին:
Հանդիպում-քննարկմանը մասնակցել են նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն իր խոսքում ևս խիստ կարևորել է իր ղեկավարած կառույցի և մարզպետարանի սերտ համագործակցությունը և ընդգծել, որ բազմիցս համոզվել է՝ հենց այդ և պատասխանատու այլ կառույցների համագործակցված աշխատանքի և ջանքերի շնորհիվ է հնարավոր հասնել ցանկալի արդյունքի։
Կիրակոսյանը նաև նշել է, որ Հայաստանի անտառների 62 տոկոսը Լոռու և Տավուշի մարզերի տարածքներում են, հետևաբար ապօրինի անտառահատումների ծավալներն այս մարզերում ամենամտահոգիչն են:
«Այս և նմանատիպ ապօրինությունները կանխարգելելու միտումով էլ նախաձեռնվել է պահպանության ծառայության ստեղծումը»,-ասել է կոմիտեի նախագահը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Լոռու մարզում 2023 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և այդ համատեքստում կարևորվել է մարզում անտառպատման աշխատանքների ողջ ծավալով և արդյունավետ կատարումը։
Վերջին նորություններ
12.11.2024
08.11.2024
05.11.2024
30.09.2024
30.09.2024
30.09.2024
24.12.2023
23.11.2023